12 04 2024

Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան

Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։

Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։

Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Տունը, որտեղ ապրում են Սամվելի կինը և դուստրը, ստիպված են լինելու լքել։

Տավուշում սա միակ դեպքը չէ, նույն խնդրի առաջ են կանգելու այլ ընտանիքներ ևս։

Օրինակ՝ Արտեմ Մանուչարյանի տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ է անցնելու Ադրբեջանին։

Մինչդեռ, նրանք 30 տարուց ավելի կառուցել ու օրինական տիրապետել են իրենց տունը, ստեղծել են տնտեսություն, մշակել հողամաս, վճարել հարկեր ու տուրքեր, զինծառայողներ տվել Զինված ուժերին։

Չի կարելի անտեսել այն միջավայրը, որտեղ մարդը երկար տարիներ ապրել ու արարել է, ստեղծել է ապրուստ։ Սահմանների միջազգային գործընթացը հենց սա է պահանջում:

Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տանից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք:

Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ